ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2007 թվականի N 448-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ս. Սարգսյան
2007 թ. ապրիլի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 448-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԿԱՏԱՐՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից երդման տեքստի ընթերցումից հետո` նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարմամբ կամ ձայնագրությունը հնչեցնելով.

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ պաշտոնական և հանդիսավոր արարողությունների սկզբում` նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարմամբ կամ ձայնագրությունը հնչեցնելով.

3) Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի բացումը հայտարարվելուց հետո, ինչպես նաև հերթական նստաշրջանների բացումը և փակումը հայտարարվելուց առաջ` նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով.

4) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող պաշտոնական արարողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելու ընթացքում` նվագախմբի կենդանի կատարմամբ կամ նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով.

5) օտարերկրյա պետությունների նախագահների (ղեկավարների), օրենսդիր մարմինների ղեկավարների, վարչապետների (կառավարությունների ղեկավարների), պաշտոնական ներկայացուցիչների, միջպետական և միջկառավարական կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետություն պետական և պաշտոնական այցերի ժամանակ արարողության սկզբում` նվագախմբի կենդանի կատարմամբ կամ նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով.

6) Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող զորահանդեսների բացման ժամանակ` նվագախմբի կենդանի կատարմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում առավոտյան` Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման և երեկոյան` Հայաստանի Հանրապետության դրոշի իջեցման ժամանակ` նվագախմբի և անձնակազմի կենդանի կատարմամբ.

7) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բարձրագույն կրթական հաստատություններում, անկախ սեփականության ձևից, ուսումնական տարվա սկզբի ու ավարտի հանդիսավոր արարողության սկզբում` նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով.

8 ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի` դասերն սկսվելուց առաջ` նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով:

3. Հայաստանի Հանրապետության օրհներգը կարող է կատարվել`

1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների և միջոցառումների սկզբում` նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունը հնչեցնելով.

2) պետական տոներին, պատմական իրողություններին նվիրված հանդիսավոր նիստերի, ժողովների բացման սկզբում` նվագախմբի կենդանի կատարմամբ կամ ձայնագրությունը հնչեցնելով.

3) հուշարձանների, հուշաքանդակների և հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունների սկզբում` նվագախմբի և երգչախմբի կենդանի կատարմամբ կամ ձայնագրությունը հնչեցնելով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Աղբյուրը` arlis.am