Հայկական դրոշը Հայաստանի հանրապետության պետական խորհրդանիշն է: Դրոշը երեք հավասար հորիզոնական զոլերով ուղղանկյուն պաստառ է, վերևում`կարմիր, մեջտեղում`կապույտ, ներքևում`նարնջագույն: Այս գույները դարեր շարունակ նույնացվել են հայ ազգի հետ: Հայաստանի դրոշն ընդունվել է 1990թ օգոստոսի 24-ին`Հայաստանի հանրապետության Գերագույն խորհրդի կողմից: Իսկ 2006թ հունիսի 15-ին Հայաստանի հանրապետության Ազգային ժողովն ընդունել է նոր՝ «Հայաստանի հանրապետության պետական դրոշի մասին» օրենքը: Գոյություն ունեն այս գույների մի շարք մեկնաբանություններ, որոնցից առավել ընդունելի է հետևյալը. կարմիր գույնը խորհրդանշում է հայրենիքի պաշտպանության համար հայերի հեղած արյունը, կապույտը երկրի բնությունն է, նարնջագույնը` ազգային խիզախությունն ու աշխատասիրությունը: Ինչ վերաբերում է Հայաստանի հանրապետության Սահմանադրությանը, ապա այստեղ հաստատված է գույների հետևյալ նշանակությունը. կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի հարատև պայքարը գոյության, քրիստոնեական հավատքի, Հայաստանի ազատության և անկախության  համար, կապույտը խորհրդանշում է խաղաղ երկնքի տակ ապրելու հայ ժողովրդի ձգտումը, նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը: Ի դեպ, հարկ է նշել, որ քանզի ՀՀ կառավարությունը չի հստակեցրել դրոշի կարմիր, կապույտ և նարնջագույն երանգները, օգտագործվում են միաժամանակ երկու տարբերակները:

Հայաստանի 1978թ Սահմանադրությունում դրոշը նկարագրվում է այսպես. «Հոդված 167. հայկական սովետական սոցիալիստական ռեսպուբլիկայի դրոշն իրենից ներկայացնում է կարմիր ուղղանկյուն պաստառ՝ մեջտեղում կապույտ զոլով՝ դրոշի ողջ երկայնքով: Պաստառի վերին կարմիր մասում, կոթի մոտ, պատկերված են մուրճն ու մանգաղը, իսկ դրանց վերևում` ոսկեգույնով եզրագծված կարմիր հինգ գագաթանի աստղը: Դրոշի լայնության հարաբերակցությունը երկարությանը` 1:2»: 1990թ օգոստոսի 24-ին Հայաստանի հանրապետության պետական դրոշի մասին օրենքով (№С-0076-1) հաստատվեց պետական դրոշը, որը նույն՝ 1919 թ դրոշն էր, պաստառ, որը բաղկացած էր երեք, միմյանց հավասար հորիզոնական շերտերից՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, երկարության հարաբերակցությունը լայնությանը` 2:1: Իսկ եռագույնի կարմիրը, կապույտը և նարնջագույնը (Հայաստանի ազգային գույները) հաճախ նույնացվում են դաշնակների իշխանության ժամանակաշրջանի դրոշի գույների հետ: Այս կուսակցության ժամանակակից զինանշանն է՝ փետուրը, սուրը, բահը և դրոշը՝ խաչված: Այդ կոմպոզիցիան պատկերված է կուսակցության կարմիր դրոշին: Ինչ վերաբերում է հայկական մյուս ավանդական կուսակցությանը՝ հնչակներին, ապա Խ. Բաբեսյանի «Հայաստանի պատմություն ատլաս»-ում նշվում է այն մասին, որ Հնչակյան կուսակցությունն օգտագործել է Ղևոնդ Ալիշանի ստեղծած հայկական ազգային դրոշի նախագիծը: Դրոշը կարմիր, կանաչ և սպիտակ զոլերով էր:

Դրոշի տարբերակներ և մեկնություններ

http://www.noev-kovcheg.ru/ կայքէջում ներկայացված է Հայաստանի դրոշի նախագիծը` նկարիչ Միքայել Ասատուրի Կանայանի կողմից մշակված: Հայկական ավանդական եռագույնին նա ավելացրել է քրիստոնեական խաչը, որի կենտրոնում Արարատ լեռն էր, Նոյյան տապանը, ծիածան և սիրտ: Սիմվոլիկայի հեղինակային բացատրությունը հետևյալն է.

Քրիստոնեական խաչի պատկերը
Քրիստոնեական խաչի ներմուծումը Հայաստանի պետական դրոշ արվել է այն պատճառաբանությամբ, որ մենք՝ հայերս, ուզում ենք Ապրել և Հաղթել: Նպատակ ունենալով հասնել լիարժեք և անսասան Հաղթանակի՝ մենք պետք է պարզ գիտակցենք, որ առանց Աստծո օգնության այն չի կարող իրականանալ:
Ներկայացնենք պատմական իրադարձությունների ընթացքի վրա քրիստոնեական հավատքի խորհրդանիշի ազդեցության մի քանի օրինակ: Հռոմեացի կայսր Կոնստանտինը վճռական մարտի նախօրեին իր վրա տեսավ Խաչի նշան՝ «ՍԻՄ, ՀԱՂԹԻՐ» գրությամբ, իսկ գիշերը երևաց հենց Նա` Հիսուս Քրիստոսը՝ խաչը ձեռքին, ասաց, որ այդ դրոշով նա կհաղթի թշնամուն և հրամայեց Սուրբ Խաչի պատկերով զինվորական դրոշ ստեղծել: Կոնստանտինը կատարեց Աստծո կամքը և… հաղթե~ց: ԽՍՀՄ-ը հաղթեց Մեծ Հայրենական պատերազմում, որովհետև Ստալինը նույնպես լիարժեք կատարեց այն, ինչ Աստծո կողմից նախանշված և իրեն փոխանցված էր Անտիոքի պատրիարքարանից՝ միտրոպոլիտ Իլյայի միջոցով, ով երեք օր աղոթել էր Աստվածամոր պատկերի առջև՝ խնդրելով բացահայտել, թե ինչով կարելի է օգնել Ռուսաստանին: Երրորդ օրը Իլյային երևացել էր հենց Նա`Աստվածամայրը՝ հայտնելով Աստծո կամքը և հայտարարելով, որ եթե  չկատարվի այն ամենը, ինչ նշված է ուղերձում, Ռուսաստանը կոչնչանա: Վկայությունը լիովի կատարվեց: Մեկ անգամ չէր, որ Աստվածամայրը Ռուսաստանին իր հրաշագործ օգնության ձեռքն էր մեկնել: Աստծո ճանապարհներն անիմանալի են. մենք չգիտենք, թե ինչ ճանապարհով ձեռք կբերվի Հաղթանակը: Պետք է հիշել ամենակարևորը` ԱՍՏԾՈ ՀԱՄԱՐ ԱՆՀՆԱՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԿԱ: Բոլոր խոչընդոտները կքանդվեն, ինչպես Յերիքովի պատերը, եթե մենք էլ մեր հերթին արժանի կերպով կատարենք Աստծո պատվիրանները: Մեկ անգամ չէ, որ Աստված իր հայացքն է հառել հայ ժողովրդի ուղղությամբ` քաջատեղյակ լինելով հայերի աշխատասիրության, ջանասիրության մասին, գնահատելով մարտական հատկությունները և հաղթելու կամքը:  Երկու անգամ վստահել է պատվավոր և դժվարին խնդիր: Մեկը՝ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ տանել առաջինը: Դեռևս վաղ քրիստոնեական դարաշրջանում, Հիսուս Քրիստոսի հարությունից հետո, հայկական Մեսոպոտամիայում հենց Իր՝ Քրիստոսի խոստումով կնքվեցին Ավահայր թագավորը և իր մայրաքաղաքի ժողովուրդը:  Անկոտրում հավատքի համար թագավորը հրաշքով բժշկվեց անբուժելի հիվանդությունից: Ու թեպետ 1,5 տարի հետո թագավորին թունավորեցին, Քրիստոսից փոխանցված և քաղաքի դարպասներում պահվող անձեռակերտ կոթողը 10 դարերի ընթացքում մայրաքաղաքը պաշտպանում էր զավթիչների հարձակումներից: Գրեթե 3 դար հետո հայերի երկրորդ մկրտությունը Հռոմում քրիստոնեության ընդունումից 1,5 դար առաջ էր: Աստված ոչինչ պատահական չի անում, ուրեմն՝ այս հարցում ևս կար նախախնամություն: Հայ ժողովրդի կողմից Աստծո Խաչը կրելու անձնազոհ և հերոսական պատմությունը հետագայում մեզ կանգնեցնում է առաքինի ուղու վրա` ասես կոչ անելով, որ քրիստոնեական հրաշագործ խաչը պատկերվի Հայաստանի պետական դրոշի վրա:

Արարատյան լեռների պատկերը
Արարատը ժամանակակից մարդկության օրորոցն է, աստվածաշնչյան մեծագույն խորհուրդների ականատեսը, նաև՝ Հայաստանի խորհրդանիշը, որի պատկերումը դրոշի վրա ուրախությամբ կլցնի յուրաքանչյուր հայի սիրտը:

Նոյյան տապան
Հին Կտակարանում գրված է. «Տապանը տան նման, մեծ, 4 անկյուն ունեցող նավ է: Այն կառուցված է Աստծո պատվիրանով  և չափսերով… Երկու ամիս անց, երբ ջրհեղեղի ջուրը սկսել էր պակասել, տապանը կանգ առավ Արարատյան լեռների վրա»: Ուշադրություն դարձրեք, Աստվածաշնչում գրված է «Արարատյան լեռներ», և ոչ թե՝ Արարատ լեռ: Եվ ինչպե՞ս կարող էր տապանը հայտնվել այնտեղ՝ ջրհեղեղի ջրերի 60 օրյա նահանջից հետո: Տապանը կանգ է առել Մեծ և Փոքր Արարատների միջև, որտեղ, համաձայն ականատեսների վկայության, մինչ օրս էլ պահպանվում է սառույցների մեջ: Դրոշի էսքիզի վրա տապանի խորհրդանշական պատկերն է, որը լիովին համապատասխանում է վերը նկարագրվածին:

Ծիածանի պատկերը
Ջրհեղեղից հետո Նոյի` Աստծուն առաջին շնորհակալական զոհաբերության ժամանակ, մոլորակի պատմության ընթացքում առաջին անգամ երկնքում հայտնվեց ծիածան: Դա մարդու հետ Աստծո միության նոր նախանշանն էր: Այդ նշանով Աստված խոստացավ մարդկանց իրենց մեղքերի համար այլևս չպատժել համաշխարհային ջրհեղեղով: Այդ ուրախալի պատմական իրադարձությունը տեղի ունեցավ մեր ապագա հայրենիքի՝ Հայաստանի երկնքում, Թորգոմի և հայ ժողովրդի նախահայր հերոս Հայկի հայտնվելուց երեք-չորս սերունդ առաջ:

Սրտի խորհրդանիշ

Սիրտը՝ սիրո խորհրդանիշը, զետեղված է ԽԱՉԻ կենտրոնում, քանի որ մեր Աստվածն է Սերը, և մենք անմիջապես սրտով ենք ընդունում նրան: Հենց սրտի շրջանում է Արարիչը տեղադրել մեր հոգին: Այն մեզ Երկնային Հոր հետ կապակցող օղակ է: Եթե փորձենք Արարատյան լեռների, տապանի և ծիածանի պատկերները երկրաչափորեն պատկերել, չենք կարողանա արտահայտել այն, որ նրանք ապրում են և դեռ պետք է ապրեն մեր՝ հայերիս վառ սրտերում: Դրոշը ևս պետք է լինի մեր սրտերի և սիրո խորհրդանիշ:

Խաչի ընտրության պարզաբանումները:

Հայկական ճարտարապետական կոթողների վրա Խաչի պատկերների ուսումնասիրությունից հետո պարզ է դառնում մի հատկանշական առանձնահատկություն, այն է՝ Խաչը ներկայացվում է ոչ թե տանջանքների զենքի տեսքով, այլ՝ Փրկության ուրախությամբ, ինչպես հավիտենական կյանքում գեղեցիկ բույսի կամ ծաղկի ծաղկելը: Այդ տարբերակներից պետք էր ընտրել այն, որն ամենաներդաշնակը կլիներ դրոշի մյուս բաղադրիչների հետ: Խաչի ձևը ստեղծելու ժամանակ հեղինակը հիմնվել է երկու աղբյուրների վրա՝ Վանա լճի շրջակայքում խաչի պատկերները և Շուշի քաղաքի Ղազանչեցոց եկեղեցու զանգակատան խաչը, որը հանդիսանում է մեր առաջին հաղթանակի խորհրդանիշն ու իրական պտուղը:

Գերբը, դրոշը, կարգախոսը, խորհրդանիշը միշտ եղել են իշխանական ցեղի և ազգային մշակույթի «դեմքը»:

1990թ-ի օգոստոսի 24-ին Հայաստանի հանրապետության պետական դրոշի մասին օրենքով հաստատվեց պետական դրոշը` եռագույնը, որը 1919թ խորհրդանիշի օրինակով վերականգնված դրոշն էր: 1919թ-ին, Հայաստանի առաջին հանրապետության ոչ երկար գոյության ընթացքում, որպես պետական խորհրդանիշ օգտագործվում էր Ռուբինյանների տոհմի (Կիլիկյան թագավորություն) վերջին ժամանակաշրջանի կարմիր-կապույտ-դեղին դրոշը: Դեղինն անմիջապես փոխարինվեց նարնջագույնով, քանի որ կարմիրի, կապույտի և նարնջագույնի համադրությունն ավելի հաճելի էր աչքի համար: Դրոշի կողմերի հարաբերակցությունն էր` 2:3: Գործնականում, 1990թ-ին Հայաստանի անկախության ձեռք բերումից հետո, դրոշը, նույն տեսքով, դարձավ պետական. պաստառ, որը բաղկացած էր երեք` միմյանց հավասար հորիզոնական կարմիր, կապույտ և նարնջագույն շերտերից, բայց, ի տարբերություն 1919թ-ի բնօրինակի, երկարության հարաբերակցությունը լայնությանը 2:1 էր: Դրոշի կարմիր գույնը խորհրդանշում է հայերի կողմից ազգային ազատագրական պայքարի ժամանակ թափված արյունը, քրիստոնեական հավատքը և Արարատյան լեռները, կապույտը` միասնական և անկախ Հայաստանի երկինքը,  նարնջագույնը` ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը:

Հայաստանը երկար ժամանակ չէր հանդիսանում միապետություն. այն բաժանված էր Օտտոմանյան և Պարսկական կայսրությունների միջև: Դրոշ ստեղծելու գաղափարը հայ ուսանողներինն էր, ովքեր 1885թ-ին Փարիզի հայ ուսանողական ընկերության անդամներ էին: Ուսանողները որոշեցին հարգանքի տուրք մատուցել ֆրանսիացի հայտնի գրող Վիկտոր Հյուգոյին և հրաժեշտի արարողությանը մասնակցել բոլոր հայերին միավորող հայկական դրոշի ներքո: Դրոշի նկարագրի համար նրանք դիմեցին հոգևորական, բանաստեղծ, մտավորական Ղևոնդ Ալիշանին: Հենց նա էլ ստեղծեց Հայաստանի առաջին ժամանակակից դրոշի նախատիպը, որն իրենից ներկայացնում էր 1:2 կողմերի հարաբերակցությամբ ուղղանկյուն պաստառ և երեք համահավասար հորիզոնական զոլեր` կարմիր, կանաչ և սպիտակ: Այդ դրոշն ասես  լիներ Բուլղարիայի` գլխիվայր շրջված դրոշը, իսկ իսկ գունային գամման շատ նման էր ժամանակակից դրոշին: Հեղինակի մտահղացմամբ, կարմիր գույնը պետք է մարմնավորեր «Կարմիր» (Զատիկի) կիրակին, կանաչը` «Կանաչ» (Զատիկից հետո երկրորդ) կիրակին: Սպիտակ գույնը իմաստային որևէ նշանակություն չուներ.  այն  պարզապես ավարտում էր կոմպոզիցիան: Բացի այդ, Ալիշանը ստեղծեց ևս մեկ դրոշ, որը հայտնի էր որպես ,,Հայ ազգայնականների դրոշ,,: Այն նույնպես եռագույն էր` Ֆրանսիայի դրոշի պես, սակայն` ուղղահայաց կարմիր, կանաչ ու կապույտ զոլերով: Գույները մարմնավորում էին ծիածանը, որն, ըստ ավանդության, Նոյը տեսել է, երբ տապանն իր ապաստանն էր գտել Արարատ լեռան վրա:

1828թ-ից, երբ Հայաստանն ընդգրկվեց Ռուսաստանի կայսրության կազմում, մեր երկիրը չուներ դրոշ. այդպես շարունակվեց մինչև 1917-ի հեղափոխությունը և 1918թ-ի Անդրկովկասյան դեմոկրատական դաշնային հանրապետության ստեղծումը: Բացի Հայաստանից` այդ միավորման կազմում ընդգրկված էին նաև Վրաստանն ու  Ադրբեջանը: Բայց ԱԴԴՀ-ն երկար չգոյատևեց. նույն տարվա մայիսի 26-ին Վրաստանը հայտարարեց իր անկախության մասին, իսկ երկու օր հետո դաշնությունից դուրս եկան Ադրբեջանը և Հայաստանի դեմոկրատական հանրապետությունը (Առաջին Հանրապետություն): 1920թ-ի նոյեմբերի 29-ին բոլոր երեք անդրկովկասյան հանրապետությունների տարածքներում հաստատվեց խորհրդային իշխանությունը, իսկ 1922թ-ի մարտի 12-ին հռչակվեց Անդրկովկասյան խորհրդային դաշնային սոցիալիստական հանրապետությունը: ԱԽԴՍՀ դրոշը ստեղծվեց խորհրդային հանրապետություններին բնորոշ ոճում. կարմիր պաստառ և ոսկերիզ կարմիր աստղ: 1936թ-ի դեկտեմբերի 5-ին ԱԽԴՍՀ-ն կազմալուծվեց.  փոխարենը` ստեղծվեցին ԽՍՀՄ նոր սուբյեկտներ` Ադրբեջանի ԽՍՀ, Հայաստանի ԽՍՀ և Վրաստանի ԽՍՀ: Հայաստանի ԽՍՀ դրոշը հիշեցնում էր Միության դրոշը` կենտրոնում տեղադրված մուգ կապույտ հորիզոնական զոլով:

Ժամանակակից հայկական դրոշը կրում է մեր երկրի բազմադարյա պատմության արձագանքները: Հայկական թագավորությունների դրոշներին հնում պատկերված էին վիշապներ, արծիվներ, առյուծներ և այլ առասպելական կենդանիներ, որոնք մարմնավորում էին հեթանոսական աստվածներին: Քրիստոնեության ընդունումից հետո յուրաքանչյուր թագավորական տոհմի համար օրենք դարձավ այս կամ այն կենդանու պատկերով սեփական դրոշ օգտագործելը: Այդպիսով, Արտաշեսյանների տոհմի դրոշը կարմրագույն էր` միմյանց նայող, բայց միմյանց մեջքով նստած երկու ոսկեգույն արծիվների պատկերով: Արծիվները բաժանված էին ոսկեգույն ծաղիկով: Արշակունիների պարթևական տոհմի իշխանության օրոք փոխվեցին դրոշի գույնը` դառնալով կապույտ, և արծիվների դիրքը:

Խորհրդային ժամանակաշրջանի սկզբում Հայաստանի ԽՍՀ գերբն իրենից ներկայացնում էր Մեծ և Փոքր Մասիսների (Արարատի) գագաթների պատկերը, որի վրա, արևածագի շողերի ներքո, տեղադրված էին մուրճն ու մանգաղը, իսկ լեռան ստորոտում տերևներով խաղողի ողկույզն էր, ցորենի հասկերը, ձիթապտղի ճյուղերը: Գերբի շուրջը հայերենով գրված էր «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն» և «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք»: Գերբը ստեղծել են Մարտիրոս Սարյանը և Հակոբ Կոջոյանը: 1922թ-ին Հայաստանը` Անդրկովկասյան խորհրդային սոցիալիստական հանրապետության կազմում ընդգրկվելով, օգտագործում էր իր գերբը: Այն իրենից ներկայացնում էր Անդրկովկասի ժողովուրդներին բնորոշ զարդանկարով հնգաթև աստղ: Աստղի կենտրոնում, կիսալուսնի և Արարատ սարի ֆոնի վրա, տեղադրված էին բռնակներով խաչվող մուրճն ու մանգաղը:  Հատկանշական է, որ գերբը պարունակում էր 1918թ-ի Վրաստանի դեմոկրատական անկախ հանրապետության գերբի մի շարք տարրեր: Ժամանակի ընթացքում, 1923թ-ին, ԱԽԴՍՀ գերբի վրայից վերացրեցին կիսալուսինը: ԱԽԴՍՀ փլուզումից հետո, համաձայն 1937թ-ի մարտի 23-ի Սահմանադրության, Հայկական ԽՍՀ-ի գերբը ձևափոխվեց. ձիթենու պսակը փոխարինվեց հացահատկի հասկերով, պատկերից հեռացվեցին արևածագն իր շողերով, իսկ մուրճն ու մանգաղը լուսավորվեցին հնգաթև աստղով: Գերբի շուրջը գրված էր «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն» (հայերենով), գերբի ստորին մասում` «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» (հայերեն և ռուսերեն լեզուներով): Հանրապետության գերբի հետագա բոլոր աննշան փոփոխությունները, մինչև ԽՍՀՄ փլուզումը, որպես կանոն` վերաբերել են «երկրների», «խորհրդային» և «հանրապետություն» բառերին (հայերենով):