Միջոցառման անվանումը` ՀՀ պետական խորհրդանշանների  տոն

Միջոցառման անցկացման օրը` 15 հունիսի 2011թ.

Հիմնավորումը` 2006-ի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» գործող օրենքները

Միջոցառման անցկացման վայրը` ՀՀ մարզեր և քաղաք Երևան

Նպատակը.

«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը որդեգրել և իր գործունեության 1 տարվա ընթացքում իրականացրել ու իրականացնում է պետական խորհրդանշանների հանրահռչակման, արժևորման և մեծարման գործունեությունը, հանրության լայն շրջանակների իրազեկման, ճշմարիտ արժեհամակարգի հանրահռչակման հստակ քաղաքականություն:
Նախաձեռնելով Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանների հանդիսավոր և համաժողովրդական արարողակարգի կազմակերպումը` մենք նպատակ ունենք հայ ժողովրդին և միջազգային հանրությանը նորովի ներկայացնել մեր պետական խորհրդանշանները, ակնածանք և խորը հարգանք ձևավորել հայկական պետականության կարևորագույն խորհրդանշանների նկատմամբ:
Անվերապահ ընդունելով ՀՀ պետական խորհրդանշանների հանրահռչակման և քաղաքացիական դաստիարակության ազգային ծրագրի հիմնարար սկզբունքները` անհրաժեշտ ենք համարում մեծ շուքով, հանդիսավորությամբ, ՀՀ քաղաքացիների, պետական ատյանների մասնակցությամբ, մասնավոր հատվածի հետ միահամուռ ջանքերով իրականացնել պետական խորհրդանշանների տոնը` մեծարելով ու արժևորելով մեր պետականության կարևորագույն խորհրդանշանները:

Խնդիրները.

Անհրաժեշտ ենք համարում տոնական բարձրակարգ միջոցառումների շարքով նպաստել մեր հայրենակիցների և արտասահմանից ժամանած հյուրերի շրջանում ազգային կարևորագույն արժեքների` դրոշի, զինանշանի և օրհներգի նկատմամբ ունեցած է՜լ ավելի ջերմ վերաբերմունքի ձևավորմանը: Մասնավորապես, մենք անհրաժեշտ ենք համարում դրական ու տոնական հույզերի շնորհիվ մեծ խանդավառություն առաջացնել, պետական խորհրդանիշների տոնը դարձնել ավանդական, սիրելի ու սպասված:

Սկզբունքները.

Տոնի իրականացման հիմնական սկզբունքը ժողովրդականության ապահովումն է: Տոնին պետք է մասնակցեն սոցիալական բոլոր խմբերի ներկայացուցիչները: Հունիսի 15-ը պիտի համընդհանուր տոնախմբություն դառնա` համախմբելով քաղաքական գործիչներին, մշակույթի, սպորտի, գիտության և մյուս ոլորտների ներկայացուցիչներին: Այս համատեքստում կարևորելով հատկապես հայապահպանության խնդիրը սփյուռքում,  ինչպես նաև ուծացման վտանգի դեմ տարվող աշխատանքները` մենք ակնկալում և կարևորում ենք նաև սփյուռքահայության այս կամ այն կերպ մասնակցությունը տոնական միջոցառմանը:

Թիրախային  խմբերը.

Տոնին մասնակցելու են հիմնականում դեռահասներն,  երեխաներն ու պատանիները: Մենք գիտակցում ենք ու վստահ ենք, որ քաղաքացիական հասարակություն կերտելու, ազգային ու պետական արժեքներ սերմանելու, ազգային գաղափարախոսություն հանրահռչակելու քարոզչության համար լավագույն զանգվածը մանուկներն են, ճկուն և ընկալունակ նորահաս սերունդը:

Համագործակցություններ.

Նշված միջոցառումները նախատեսվում է անցկացնել մի շարք կառույցների ու գերատեսչությունների հետ համատեղ` ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ մշակույթի, պաշտպանության, սփյուռքի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի:

Սփյուռքում արդեն իսկ ստեղծվել են կապեր, որոնք կնպաստեն միջոցառումների լուսաբանմանը արտերկրում. սփյուռքահայությունը ևս կմիանա մեր նախաձեռնություններին:

Ամփոփում.

Այս տարի իրականացվելու է ՀՀ պետական խորհրդանշանների տոնը, որը թվով երկրորդ է, ապա այն նախատեսել ենք իրականացնել ոչ միայն Երևանի տարածքում այլ նաև ՀՀ մարզերում:

Ծրագիրը.

ՀՀ պետական խորհրդանշանների տոնին նվիրված տոնախմբությունը նախատեսվում է անցկացնել մեկ միջոցառման տեսքով`

1.Մեծ, տոնական քայլերթ.

Տոնակատարության առանցքային ու կարևորագույն իրադարձությունը կազմակերպված քայլերթն է, որը հանդիսանալու է յուրօրինակ քաղաքացիական շքերթ: Քայլերթը սկիզբ է առնելու ՀՀ Կառավարության շենքի դիմացից և անցնելու է` Նալբանդյան փողոցով, Սայաթ Նովա պողոտայով, Օպերայի շենքի հարևանությամբ գտնվող Ֆրանսիական հրապարակով և Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով մուտք է գործելու կրկին Հանրապետության Հրապարակ:

Մեծ, տոնական քայլերթ